Այսօր Ժպիտի համաշխարհային օրն է

10:51 • 07.10.16

Ամեն տարի հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթը նշվում է որպես Ժպիտի համաշխարհային օր (World Smile Day), գրում է calend.ru-ն՝ մանրամասնելով, որ այս հիանալի տոնի համար մարդիկ պարտական են 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ապրած նկարիչ Հարվի Բոլին:

 

Աղբյուրը նշում է, որ Բոլի արվեստը ոչնչով չէր առանձնանում. անգամ քննադատները չէին հետաքրքրվում նրանով։ Սակայն մի օր (1963թ.) նկարչին են դիմել State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով հորինել որևէ վառ և հիշվող խորհրդանիշ, որը պետք է ծառայեր որպես ընկերության այցեքարտ։ Նկարիչը, առանց երկար մտածելու, պատվիրատուներին է առաջարկել մի բան, որն այժմ համացանցի բոլոր օգտատերերն առանց բացառության անվանում են «սմայլիկ»՝ ժպտացող դեղին դեմք։

 

Պատվիրատուներն ընդունել են աշխատանքը, վճարել 50 դոլար և սկսել «սմայլիկով» այցեքարտեր տպել։ Մի քանի ամիս անց թողարկվել են ավելի քան տասնյակ հազարավոր նման նշաններ, որոնց հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները:

 

Ժպիտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999թ.-ին։ Օրվա խորհրդանիշն է՝ «Do an act of kindness. Help one person smile» («Բարի գործ արա։  Նպաստիր գեթ մեկ ժպիտի հայտնվելուն»)։