Հանուն քաղաքական կոնսենսուսի պատրաստ ենք ընտրողների ցուցակները հրապարակել, թեև դա հակասում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին․ Դ. Հարությունյան (տեսանյութ)
Կառավարության կողմից Ազգային ժողովին ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ենթադրում է ստորագրած ընտրացուցակների հրապարակում։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ստորագրած ընտրացուցակների մեխանիզմի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները դեռևս չկան, բայց կան խոստումներ՝ դոնորների կողմից, դրանք տրամադրելու վերաբերյալ։
Հարցին՝ արդյոք ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված այս պայմանավորվածությունը չի՞ արժանանա նախորդ պայմանավորվածությունների ճակատագրին, երբ համաձայնությունները մնացին թղթի վրա՝ տեխնիկական խնդրի պատճառաբանությամբ, ապա Դավիթ Հարությանը պատասխանեց կարճ․ «Հուսանք՝ ոչ»։
Իսկ այն հարցին, թե արդյոք շարունակո՞ւմ է պնդել, որ ստորագրած ընտրացուցակների հրապարակումը խախտում է, որ այն հակասում է նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց, որ ինքը հիմա էլ շարունակում է հղում կատարել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն ու պնդել, որ դա հակասում է Վենետիկի հանձնաժողովի որդեգրած սկզբունքներին։
Արդյոք Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին հակասող քայլի համար Հայաստանը սանկցիաների չի՞ ենթարկվի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ «Սանկցիաներ՝ ոչ, բայց քննադատության առարկա կդառնանք»։
Հարցին, թե հանուն ընդդիմության՝ իշխանությունը պատրա՞ստ է այդ քննադատություններին, Հարությունյանը չհամաձայնեց, ասաց, որ հանուն քաղաքական կոնսենսուսի են դիմում նման քայլի։
Մանրամասները՝ տեսանյութում.










