Նինոծմինդայի բնակիչները խորհրդարանական ընտրություններին մասնակցում են առանց վախի և կողմնորոշված. մունիցիպալիտետի ղեկավար

20:15 • 08.10.16

Նինոծմինդայի և հարակից գյուղերի բնակիչները խորհրդարանական ընտրություններին մասնակցում են գիտակցված, կողմնորոշված և առանց վախի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը։ «Նախորդող երկու ամիսների ընթացքում մեծ քարոզարշավ է ընթացել և՛ Նինոծմինդայում, և՛ Ախալքալաքում, հանդիպումներ են եղել բնակիչների հետ և դրանց ընթացքում ամեն ինչ պարզաբանվել ու բացատրվել է տեղի ընտրողին»,- ասաց Կարսլյանը։ 

Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանում, ենթակառուցվածքային փոփոխություններ են արվել, որոնք զգալի ազդեցություն են թողել տեղի բնակչության կենսամակարդակի վրա. «Մեր մեծամասնական թեկնածուի և կուսակցության կողմից (նկատի ունի Հենզել Մկոյանին-խմբ) հսկայական աշխատանք է կատարվել այս տարիների ընթացքում։Ներդրվել է հանրային առողջապահության ապահովագրումը, որը շատ կարևոր է, ընդունվել է  բարձր լեռնային շրջանների զարգացման օրենքը, որը հնարավորություն տվեց, որպեսզի սեպտեմբերից 20%-ով բարձրանա կենսաթոշակը, բժիշկների և ուսուցիչների աշխատավարձերը ևս»։

Մունիցիպալիտետի ղեկավարը նշեց, որ վերջին տարիների ընթացքում ենթակառուցվածքային փոփոխություններ ու աշխատանքներ են կատարվել մունիցիպալիտետին պատկանող 32 համայնքում. «Չկա մի գյուղ, որը չզգա տարեկան գոնե մեկ շինարարության շունչ, որովհետև մենք ունենք բավականին մեծ տեղական բյուջե, կառավարության կողմից  ենթակառուցվածքների զարգացման համար լրացուցիչ ստանում էինք տարեկան 1 մլն 700 հազար լարի, դրան ավելացավ  բարձրլեռնային գոտու զարգացման  համար լրացուցիչ հատկացվող 2 մլն 135 հազար լարի,դրան էլ գումարած 2 մլն 100 հազար լարի էլ տեղական բյուջեից ենք շինարարությանը գումար հատկացնում։ Այսքանից ելնելով, կարող ենք ասել, որ Նինոծմինդայում շինարարական բում է:  4 մլն 200 հազար  լարի արժողությամբ, մոտ 2 մլն դոլարի չափով  շինարարություն էր գնում ամբողջ մունիցիպալիտետում: Կոնկրետ Գանձա գյուղում ենք՝ փողոցները լուսավորված են, կենտրոնական փողոցն ասֆալտապատված է, կառուցվում է սպորտ դպրոց, ծիսակատարությունների սրահ է կառուցվում, այնպես որ Գանձան  լինելով մեր տարածաշրջանի ամենամեծ գյուղը, քաղաքի հետ համեմատած ոչնչից հետ չի մնում:

Հարցին, թե երեկ Վրաստանի վարչապետը նշել էր, որ հոկտեմբերի 8-ը Վրաստանի պատմության մեջ գրվելու է որպես ևս մեկ ժողովրդավար օր, մունիցիպալիտետի ղեկավարը կարծիքով, արդյոք նման օր կգրանցվի մունիցիպալիտետում, Գագիկ Կարսլյանն ասաց, որ համամիտ  է այդ ձևակերպման հետ, ավելին, վստահ է:

Գագիկ Կարսլյանի խոսքով՝ քաղաքացիների վրա ճնշումներ չկան, ազատ արտահայտվելու իրավունք ունի յուրաքանչյուրը. «Նախկին իշխանությունների օրոք Վրաստանի բանտերում ունեինք 25000-ից ավելի կալանավոր, այժմ  այդ թիվը կրկնակի նվազել է»:

Դիտարկմանը, թե դրան զուգահեռ հանցագործություններն են ավելացել, Գագիկ Կարսլյանն ասաց. «Հանցագործությունները  կարող  է ավելացել են, սակայն տեսակների տարբերություն կա: Նախկինում բնակչությունը պարզապես զրկված էր  իր տեսակետը հնչեցնելուց:  Նրանց նկատմամբ  այնպիսի տուգանքներ էր կիրառվում, որ  մի քանի տարի պետք է աշխատեին, որ այդ տուգանքները վճարեին: Այստեղ արդեն գոյության հարց էր: Այնպես, որ ես վստահ եմ, որ իրականում այսօրվա պայմանները լավ  են թեկուզ այն առումով, որ ժողովրդի մեջ վախի մթնոլորտ չկա: Ժողովուրդն ազատ է, անկախ է,  և սարսափ չունի իր միտքն ու գաղափարն ազատ արտահայտելու և ընտրելու:  Ոչ մեկի նկատմամբ որևէ ազդեցություն չկա»: