Երևանի տոնը շնորհավորել են նաև ազգային փոքրամասնությունները

16:23 • 08.10.16

Երևանի 2798-րդ տարեդարձը շնորհավորել են նաև մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հանրապետության հրապարակին հարակից Խաչքարերի պուրակում  ազգային փոքրամասնությունների համույթներն ու անհատ կատարողները համերգային ինքնատիպ ծրագրով ողջունել են Արևի քաղաք Երևանի ծննդյան օրը:

Համերգին, ի դեպ, մասնակցել են նաև մարզերից եկած համույթներ ու անհատ կատարողներ: Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է ազգային փոքրամասնությունների 10 համայնք, այդ թվում` ռուսական, ուկրաինական, բելառուսական, լեհական, վրացական, հրեական, ասորական, քրդական, եզդիական և հունական համայնքները:

Խաչքարերի պուրակում  տեղադրված բեմահարթակում ներկայացնելով իրենց ազգային երաժշտարվեստն ու պարարվեստը՝ նրանք ընդգծել են, որ  իրենց ելույթները   ժողովուրդների բարեկամության ու ազգային մշակույթների երկխոսության յուրօրինակ ազդակ են: