Թրամփը ներողություն է խնդրել կանանցից՝ նրանց վիրավորելու համար
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը հրապարակել է տեսաուղերձ, որում ներողություն է խնդրել բոլոր կանանցից, որոնց ինքը վիրավորական խոսքեր է ասել:
Ինչպես նշում է ria.ru-ն, ամերիկյան The Washington Post պարբերականն ուրբաթ հրապարակել էր 2005թ. արված տեսանյութ, որում Թրամփը պարծենում է կանանց նկատմամբ իրագործած սեռական բնույթի ոտնձգություններով:
«Ես երբեք չեմ ասել, որ անթերի եմ: Ես ասել եմ ու արել եմ բաներ, որոնց համար հիմա զղջում եմ: Խոսքերը, որոնք հնչում են 10 տարուց ավելի վաղեմությամբ տեսանյութում, այդ արարքներից են: Յուրաքանչյուրը, որն ինձ գիտի, կհասկանա, որ այդ խոսքերը չեն արտացոլում իմ էությունը: Ես դա ասել եմ, բայց սխալվել եմ, ու ներողություն եմ խնդրում»,- սկանդալային տեսանյութը մեկնաբանել է Թրամփը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Միսս Տիեզերք-1996» տիտղոսին արժանացած վենեսուելացի Ալիսիա Մաչադոն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է կոպիտ պահվածքի ու հայհոյանքների համար:
Մաչադոյի խոսքով, երբ ինքը գեղեցկության մրցույթից հետո քաշ է հավաքել, Թրամփը սկսել է իրեն «Միսս տնային տնտեսուհի» և «Միսս Փիգի» («խոզուկ») անվանել:
«Նա շատ ագրեսիվ ու կոպիտ է եղել ու վատ է վարվել հետս»,- պատմել է Մաչադոն: Նա նաև նշել է, որ այլևս չի կարելի համակերպվել Թրամփի` ծագումով լատինամերիկացի բոլոր կանանց հասցեին հնչող վիրավորանքների հետ:










