ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

01:20 • 09.10.16

«Մեթյու» փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի նահանգներում 10 մարդ է զոհվել, հաղորդում է AP գործակալությունը:

«Ցավոք, «Մեթյու» փոթորիկը Հյուսիսային Կարոլինայում խլել է երեք մարդու կյանք: Վտանգը դեռ չի անցել: Մի կորցրեք ուշադրությունը: Մնացեք տանը»,- հայտարարել է նահանգի նահանգապետ Փեթ Մաքքրորը իր  Twitter-ում:

Ըստ նահանգապետի տվյալների՝ նահանգի ավելի քան 300 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, փակվել են մի շարք փողոցներ: Նա կոչ է արել քաղաքացիներին հետևել տեղի իշխանությունների հրահանգներին:

Ջորջիա նահանգի իշխանությունները ևս հաղորդել են երեք զոհի մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդա նահանգում փոթորիկի հետևանքով չորս մարդ էր զոհվել:

«Մեթյու» փոթորիկը ամենահզորն է դարձել Ատլանտիկ օվկիանոսում 2007թ-ից հետո: Ներկա դրությամբ այն անցնում է ԱՄՆ-ի հարավ-արևելյան առափնյա հատվածով: