ՀՀ-ում խտրականության երևույթները բազում են` կրթությունից մինչև կանանց աշխատանքի իրավունք. քննարկում
Հայաստանում խտրականության դեպքի կարող է բախվել յուրաքանչյուրը՝ անգամ այդ մասին չիմանալով: Այս մասին «Խտրականության դեմ պայքարը և հակախտրականության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Արման Սահակյանը: Նրա բերեց տարրական մի օրինակ, երբ անձը կարող է աշխատանքի չընդունվել, քանի որ գործատուի առաջարկի մեջ նշված է` մինչև 25 տարեկան, բարետես և այլ «ցենզեր»:
Գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, խտրականությունը` կախված սեռից, ռասսայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Չնայած մայր օրենքում կա նման ամրագրում, Հայաստանում, ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանի, խտրականության դեպքերը առկա են. առավելապես դրսևորվում են կանանց, սեռական փոքրամասնությունների ու հաշմանդամություն ունեցողների նկատմամբ:
«Թերևս, խտրականության ենթարկվում ենք բոլորս և ամեն օր` շատ տարբեր հանգամանքներում, բայց շատ հաճախ չենք գիտակցում, որ խտրականություն էր, որ հանգեցրեց մեր իրավունքների սահմանափակմանը: Օրինակ` կրթության ոլորտում, որի մասին ասվում է, որ մարդկային կապիտալի օգտագործման համար ամենաբարենպաստ ոլորտն է, դրա հասանելիության հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք: Հենց կրթության հասանելիության հետ կապված»,- ասաց ՀԿ-ի ներկայացուցիչը։
«Էթնիկական պատկանելության, սեռի հիմքով, օրինակ` եզդիական գյուղերում կա բավականին լուրջ խնդիր` աղջիկների դպրոց հաճախելու հետ կապված»,- թվարկեց Անահիտ Սիմոնյանը:
Ըստ Ա. Սիմոնյանի` կա նաև խտրականություն` կանանց աշխատելու իրավունքի հետ կապված. Հայաստանում կանանց մոտ կեսը չի աշխատում, սակայն չաշխատող կանանց 40 տոկոսն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն: Այսինքն` կա աշխատելու լիարժեք հնարավորություն, բայց խտրականության արդյունքում` դա չի օգտագործվում:
Խտրականության դեմ պայքարը, ըստ բանախոսի, միայն օրենսդրական մակարդակով չպետք է տարվի, դրան զուգահեռ պետք է կոտրվեն կարծրատիպերը հասարակության մտածողության մեջ, որպեսզի ավելի ներառական հասարակություն ունենանք, ոչ թե ինչ-որ խմբերի բացառող:
Քննարկման մյուս բանախոսներից` «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանն էլ ներկայացրեց, թե ինչ դիրքեր ունի Հայաստանը մեզ հետ համադրելի երկրների հետ համեմատած:
Հիշեցնենք, որ դեռ 2012-ից ՀՀ ՄԻՊ-ը նախաձեռնել էր «խտրականության դեմ պայքարի» օրենքի մշակման գործընթաց, սակայն ինչ-ինչ պատճառներով այն առ այսօր ընդունված չէ` չհասնելով անգամ ԱԺ` որոշակի քննարկումներից ու հասարակական ու քաղաքական տարբեր ուժերի առարկություններից:
2015-ին Արդարադատության նախարարությունը ստանձնեց օրենքի մշակման պատասխանատվությունը: «Եվ այստեղ շատ կարևոր է, որ օրենքն ընդունվի այն դրույթներով, որոնք կան միջազգային կոնվենցիաներում` որպես ստանդարտներ ու չափանիշներ, որովհետև այստեղ կարիք չկա նոր հեծանիվ հորինելու, որովհետև այդ օրենքները ողջ աշխարհում գործում են»,- ասաց Վիոլետա Զոփունյանը:










