Ռուսաստանը մտադիր է Սիրիայում մշտական հիմունքներով ռազմաբազա տեղակայել

14:36 • 10.10.16

Ռուսաստանը մտադիր է Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքում մշտական հիմունքներով ռազմածովային բազա տեղակայել: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նրա խոսքով՝ գերատեսչություններն արդեն համաձայնեցնում են համապատասխան փաստաթղթերը:

 

«Պատրաստության մակարդակը բավականին բարձր է, և մենք հույս ունենք, որ շուտով կխնդրենք վավերացնել այդ փաստաթղթերը»,- հայտնել է Պանկովը: Այլ մանրամասներ նա չի նշել:

 

2015 թվականի մարտին Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Տարտուսում դեռ չի ստեղծի լիարժեք ռազմաբազա:

 

«Այն իրավիճակում, որը ստեղծվել է Սիրիայում, դա կդրդի որոշ ուժերի, այդ թվում՝ ընդդիմադիր, լարվածության սրման»,- ասել էր Օզերովը: