Թրամփը հանդիպել է Բիլ Քլինթոնի կողմից «բռնաբարված» կանանց հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփն իր մրցակցի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ 2-րդ հեռուստաբանավեճից ժամեր առաջ հանդիպել է 4 կանանց հետ, որոնց պնդմամբ՝ «Քլինթոնի ամուսինը տարիներ առաջ բռնաբարել է իրենց»:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Թրամփն ու ԱՄՆ-ի նախկին նախագահի սեռական ոտնձգությունների «զոհ» դարձած Քեթլին Ուիլին, Խուանիտա Բրոդերիքը, Քեթի Շելթոնն ու Փոլա Ջոնսը Սենթ Լուիս քաղաքում հանդիպել են լրագրողների հետ:
Կանանցից մեկը՝ Բրոդերիքը, պատմել է, որ Քլինթոնն իրեն բռնաբարել է Արքանզաս նահանգի գլխավոր դատախազի պաշտոնում աշխատելու տարիներին:


«Միգուցե, պարոն Թրամփն ինչ-որ վատ խոսքեր է ասել կանանց հասցեին, սակայն Բիլ Քլինթոնը բռնաբարել է ինձ, իսկ Հիլարին էլ՝ սպառնացել: Ես չեմ կարծում, որ այս 2 դեպքի միջև կարելի է համեմատության որևէ գիծ տանել»,-ասել է Բրոդերիքը:

Իրենց հիշողություններով են կիսվել նաև մյուս 3 կանայք՝ հավելելով, որ Հիլարին քողարկել է ամուսնու գործած հանցանքները:
«Այս 4 խիզախ կանայք խնդրեցին հնարավորություն տալ այսօր այստեղ լինելու ու իրենց վերապրածի մասին խոսելու: Մեզ համար մեծ պատիվ էր նրանց օգնելը»,- հավելել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրերս Թրամփը հայտնվել էր նոր սկանդալի կենտրոնում, երբ The Washington Post պարբերականը հրապարակել էր 2005թ. արված տեսանյութ, որում Թրամփն առանց կաշկանդվելու պարծենում է տարբեր կանանց նկատմամբ թույլ տված սեռական ոտնձգություններով:
Ավելի ուշ նա ստիպված է եղել ներողություն խնդրել կանանցից՝ նրանց հասցեին հնչեցված գռեհիկ արտահայտությունների համար:










