ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են հոկտեմբերին Ղրղզստանում հնարավոր ահաբեկչությունների մասին

10:06 • 10.10.16

Ղրղզստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին երկրի իշխանությունների և օտարերկրացի դիվանագետների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների բարձր վտանգի մասին, որոնք կարող են կապված լինել մարդկանց առևանգման և պատանդ վերցնելու հետ: Այդ մասին հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնական կայքերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Մենք հաղորդագրություններ ենք ստացել, որ Ղրղզստանում հոկտեմբեր ամսվա ընթացքում ահաբեկչական գործողության բարձր վտանգ կա: Չնայած չկա որևէ կոնկրետ տեղեկություն բրիտանացի քաղաքացիների համար վտանգի վերաբերյալ, մենք խորհուրդ ենք տալիս ձեզ զգոնություն պահպանել հանրային վայրերում, հեռու մնալ մարդաշատ վայրերից և հետևել անվտանգության հետ կապված հրահանգներին»,- հաղորդվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքում:

 

Հանգստյան օրերին նմանատիպ տեղեկություն է հայտնվել նաև ԱՄՆ դեսպանատան կայքում:

 

Դեսպանատներն առաջարկում են իրենց քաղաքացիներին հատկապես զգույշ լինել երկրի հարավում ուղևորությունների ժամանակ:

 

«Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի սահմանները կարող են փակվել առանց նախնական զգուշացման: Այնտեղ անվտանգության հետ կապված մի քանի միջադեպ է եղել վերջին ամիսներին»,- հայտնում է դիվանագիտական առաքելությունը: