Լյուքսեմբուրգի վարչապետն առաջարկել է 1 օրով փակել Եվրամիության ներքին սահմանները՝ մարդկանց «դաս տալու» համար
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելն առաջարկել է մեկ օրով փակել Եվրամիության ներքին սահմանները, հայտնում է Bloomberg-ը:
Նրա կարծիքով՝ դա կցնցի ընտրողներին, որոնք սովոր չեն հերթ կանգնել: Այդպիսով՝ նրանք կսկսեն գնահատել առանց վիզայի տեղաշարժվելու առավելությունը:
«Սահմանների փակումը մեկ օրով կարող էր ցույց տալ մարդկանց, թե ինչ է նշանակում երկու ժամ հերթ կանգնել սահմանին Իտալիա կամ Իսպանիա մտնելու համար: Այդպես նրանք կտեսնեն, թե ինչպես են մարդիկ ապրում Եվրամիությունից դուրս»,- ասել է Բետելը:
«Այն, ինչ ես ասում եմ, սարսափելի է հնչում, բայց լավ կլիներ, որ մարդիկ այդ ամենը հասկանային»,- հավելել է նա:
Լյուքսեմբուրգի վարչապետը նաև հավելել է, որ Եվրամիությունը պետք է խիստ դիրքորոշում պահպանի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում:
«Մինչ Մեծ Բրիտանիան Եվրամիությունում էր, նրանք մտածում էին՝ ինչպես այնտեղից դուրս գան: Երբ որոշեցին դուրս գալ, մտածում են՝ ինչպես մնալ: Բայց մենք Facebook-ում չենք, որտեղ կարելի է նշել «ամեն ինչ բարդ է» կարգավիճակը»,- նշել է Բետելը:










