Հալաբյան փողոցի աջ մայթին տեղակայված օբյեկտի պատճառով հետիոտներն այդ հատվածն անցնում են դիմացի մայթով. Ոստիկանություն

23:16 • 11.10.16

Երևանի Հալաբյան փողոցի աջ մայթին տեղակայված շինության երկու կողմերում Ճանապարհային ոստիկանությունը կազմակերպել է հետիոտնային անցումներ և հետիոտները փողոցի այդ հատվածն անցնում են դիմացի մայթով։

Այս մասին   Հալաբյան փողոցում առկա ապօրինի շինության մոտակայքում հետիոտնի անցման կարգավորման վերաբերյալ Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Tert.am-ի հարցերին՝ ինչպե՞ս է ՃՈ-ն կարգավորում տվյալ հատվածը, այն դեպքում, երբ հետիոտնի ճանապարհը փակ է, առաջին գծում կարմիր գծանշումներ են, իսկ հետիոտնը, տվյալ հատվածն անցնելու համար պետք է հատի ճանապարհի երկրորդ գիծը,  և, բացի այդ,  վերջին վեց ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածի մոտակայքում վրաերթի և վթարի դեպքեր գրանցվե՞լ են, թե ոչ, ՀՀ ոստիկանությունից պատասխանել են. «Երևան քաղաքի Հալաբյան փողոցի վերջնամասի աջ մայթին տվյալ օբյեկտի տեղակայման համար ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից ՀՀ կառավարության 14.09.2016 թ. Nº1644-Ն որոշման հավելվածով սահմանված համապատասխան համաձայնություն չի տրվել։

Հաշվի առնելով մայթի այդ հատվածի շինությամբ փակ լինելու հանգամանքը՝ Ճանապարհային ոստիկանությունը տվյալ շինության երկու կողմերում կազմակերպել է հետիոտնային անցումներ և հետիոտները փողոցի այդ հատվածն անցնում են դիմացի մայթով։

Վերջին վեց ամիսների ընթացքում տվյալ ճանապարհահատվածում մարմնական վնասվածքներով  ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել»։

Նշենք, որ վերը նշված՝  Nº1644-Ն որոշումը սահմանում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման ու պահպանման նախագծերի, ինչպես նաև ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Հալաբյան փողոցում առկա շինության վերաբերյալ Tert.am-ի հարցմանը պատասխանել էր, որ շինության կառուցման համար  քաղաքաշինական փաստաթուղթ քաղաքապետարանի կողմից չի տրամադրվել. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության աշխատակիցների կողմից կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ այդ հատվածում որևէ նոր քաղաքաշինական գործունեություն փաստացի չի իրականացվում, սակայն առկա են ոչ հիմնական շինություններ/տաղավարներ/, որոնք չունեն որևէ իրավական կարգավիճակ»:

Tert.am-ի հաջորդ հարցին, թե ապամոնտաժվելո՞ւ է ապօրինի շինությունը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից հայտնում են, որ հարցը ենթակա է քննարկման։