Կրեմլում բացատրել են, թե ինչու է Պուտինը հրաժարվել Փարիզ այցելությունից

15:11 • 11.10.16

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը որոշել է չեղարկել Փարիզ այցելությունը «ծրագրից դուրս մնացած միջոցառումների պատճառով», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմում աղբյուրի, հայտնել էր, որ Մոսկվան տեղեկացրել է Փարիզին Պուտինի այցի չեղարկման մասին:

 

«Նախագահը որոշում է կայացրել չեղյալ համարել այդ այցը: Բանն այն է, որ նախատեսվում էին մի քանի միջոցառումներ՝ կապված ռուսական հոգևոր-մշակութային կենտրոնի բացման, ցուցահանդեսներից մեկն այցելության հետ, և ցավոք, այդ միջոցառումները դուրս են մնացել ծրագրից, և այդ պատճառով նախագահը որոշում է կայացրել դեռևս չեղյալ հայտարարել Ֆրանսիա այցելությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

 

Խնդրանքին՝ հստակեցնել, թե ինչու են այդ միջոցառումները դուրս մնացել այցի ծրագրից՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Այդ հարցը պետք է ուղղել ֆրանսիական կողմին»:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հաջորդ շաբաթ Փարիզ մեկնելուց՝ մերժելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին միայն Սիրիայի հարցով բանակցությունների համար հանդիպելու առաջարկը: 

 

Օլանդն ավելի վաղ դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և հայտարարել է, որ իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք պետք է հանդիպի Պուտինին հոկտեմբերի 19-ին Փարիզ նրա այցի ժամանակ:

 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում իր ֆրանսիացի գործընկեր Ժան- Մարկ Էյրոյի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 19-ին կայցելի Ֆրանսիա, որտեղ Օլանդի հետ կքննարկի Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակը: