Մոսկվան «Գազպրոմ»-ին 25 մլրդ ռուբլի կվճարի՝ որպես Բելառուսի համար գազի գնի զեղչի դիմաց փոխհատուցում. «Կոմերսանտ»
Ռուսաստանն այս տարի «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը մոտ 25 միլիարդ ռուբլի կվճարի, իսկ հաջորդ տարի՝ ևս 56 միլիարդ՝ որպես Բելառուսի համար գազի գնի զեղչի դիմաց փոխհատուցում, գրում է «Коммерсант»-ը:
Ավելի վաղ Մինսկն ու Մոսկվան պայմանավորվել են գազի մատակարարումների ընթացքում միջբյուջետային փոխհատուցման մասին, ինչը թույլ կտա բոլոր սպառողների համար գնային հավասար պայմաններ ապահովել:
Կայքը նշում է, որ գնի նվազման դիմաց Բելառուսը պարտավորվել է չեղյալ համարել երկրի տարածքով ռուսական նավթի տարանցման համար բարձրացված տոկոսադրույքը: Բացի այդ, ինչպես նշում են լրատվամիջոցի աղբյուրները, Մինսկը խոստացել է ստորագրել երկու երկրների միասնական էներգետիկ շուկայի ստեղծման մասին համաձայնագիրը:
Նշվում է, որ Բելառուսը կմարի 300 միլիոն դոլարի պարտքը, իսկ գազի՝ ռուբլիով գինը հետադարձ կարգով հուլիսի 1-ից կնվազի 30 տոկոսով: Այդկերպ՝ արդեն այս տարի Մինսկը կխնայի մոտ 25 միլիարդ ռուբլի:
2017 թվականին Մինսկի համար գազի գինը կկազմի մոտ 6 հազար ռուբլի 1.000 խորանարդ մետրի դիմաց:










