ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պահանջում են երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն արտահայտվել են Ռուսաստանի նկատմամբ խիստ քաղաքականությունը շարունակելու օգտին՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկխոսության համար հնարավորության պահպանման անհրաժեշտությունը: Այդ մասին նրանք հայտարարել են գերմանական Պասաու քաղաքում անցկացվող «Մարդիկ Եվրոպայում» համաժողովի շրջանակում, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Տուսկը, մասնավորապես, նշել է, որ Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում հակամարտության հարցում Ռուսաստանի դերի պատճառով ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվայի գործողությունները ոչ մի կերպ չեն փոխվել: Այդ առնչությամբ հնարավոր է, որ սահմանափակող միջոցառումները կրկին երկարաձգվեն:
Շուլցը դատապարտել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները և Կրեմլի կողմից Եվրոպայում աջ ազգայնականներին ուղղված աջակցությունը: Նա, միևնույն ժամանակ, ասել է, որ Արևմուտքը բաց կպահի երկխոսության հնարավորությունը, երբ ՌԴ-ն դրան պատրաստ կլինի:










