Որակյալ կադրեր՝ տուրիզմի զարգացման համար. Երևանում կանցկացվի «Եվրոդիպ» տուրիզմի ուսուցման միջազգային համաժողովը

13:12 • 12.10.16

 

Երևանում հոկտեմբերի 13-16-ը կանցկացվի «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ տարեկան համաժողովը: Հրավիրված ասուլիսին «Տուրիզմի հայկական ինստիտուտի» ռեկտոր, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մինասյանը նշեց, որ նման կոնֆերանս տարածաշրջանում չի եղել և նպատակ ունեն շեշտը դնել որակյալ կադրերի պատրաստման վրա:

«Այսօր սերնդափոխություն պետք է տեղի ունենա, նոր կադրերով աշխարհին ներկայանանք: Ամեն մեկն իրավունք չունի երկիր ներկայացնելու»,- ասաց նա:

Նա տեղեկացրեց, որ «Եվրոդիպը» ոլորտի ամենահեղինակավոր ցանցերից մեկն է աշխարհում, գործում է ԵՄ հովանու ներքո: Կառույցին անդամակցում է 40 երկիր, 100-ից ավելի կրթական հաստատություն, որտեղ սովորում է ավելի քան 150 հազար մարդ: Ըստ Մինասյանի՝ համաժողովին մասնակցելու համար ՀՀ կժամանեն տարբեր երկրներից մասնագետներ, որտեղ տուրիզմը զարգացած է:

«Արձանագրենք տուրիզմը զբոսաշրջություն չի, դա արդյունաբերություն է, տնտեսության մոտ 53 ուղղություն կարող է զարգանալ, որը պետք է ՀՀ-ն օգտագործի՝ ունենալով հիանալի զարգացման հեռանկարներ»,- ասաց նա:

«Եվրոդիպի» միության առաջին փոխնախագահ Մարտին Դանենմանը նշեց, որ  կոնֆերանսը կազմակերպվում է ամեն տարի. «Կոնֆերանսը համագործակցության սերտացման, փորձի փոխանակման համար լավ հնարավորություն է»:  

ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանն ասաց, որ համաժողովի բացմանը կմասնակցի նաև ԿԳ նախարարը՝ ընդգծելով, թե որքան կարևոր է զբոսաշրջային մասնագիտական կրթության զարգացումը։

Նա հիշեցրեց, որ Կառավարության որոշմամբ տուրիզմի վարչությունը Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացվեց և կոմիտե ստեղծվեց, ինչն էլ նշանակում է, որ Կառավարությունը զբոսաշրջության զարգացումը տնտեսության զարգացման գերակա ուղղություն է համարում, իսկ ԿԳՆ-ն՝ մասնագիտական թիրախային ուղղություն:

«Որակյալ մասնագետների պատրաստման խնդիր կա, և ընդհանրապես տուրիզմի և սպասարկման ոլորտի համար 4-5 ուսումնական հաստատություն ունենք»,- ասաց նա և նշեց, որ դրանք բավարար չեն որակյալ, ժամանակին համահունչ կադրերի պատրաստման համար:

Ըստ նրա՝ վերջերս Մեղրիում անց է կացվել կրթական սեմինար, իսկ ընտրվել է Մեղրին, քանի որ Իրանից լուրջ հոսք կա ՀՀ և մասնագետների խնդիր կա: