Վերաքննիչ դատարանը մերժել է Արամ Մանուկյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
«Դատարանը որոշումը հրապարակեց առանց որոշման հիմնավորման, ինչպես և սովորաբար լինում է: Ենթադրում եմ, որ կդիմենք վճռաբեկ ատյան՝ ներպետական ատյանները սպառելու և Եվրոպական դատարան դիմելու համար»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին, ով հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ էր, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:










