ՄԱԿ-ի հանձնակատարը նախազգուշացրել է Թրամփի՝ նախագահ ընտրվելու վտանգի մասին
ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը վտանգ է ներկայացնելու միջազգային տեսանկյունից: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Զեյդ ալ-Հուսեյնը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ելույթ ունենալով Ժնևում լրագրողների առաջ՝ հորդանանցի դիվանագետն ընդգծել է, որ հանրապետականների թեկնածուի որոշ արտահայտություններ «խորը անհանգստություն» են առաջացնում:
Զեյդ ալ-Հուսեյնը հիշեցրել է մասնավորապես, որ Թրամփն ավելի վաղ հավանության էր արժանացնում խոշտանգումների կիրառումը, իսկ դա արգելվում է միջազգային իրավունքով, ինչպես նաև վատ է արտահայտվել չպաշտպանված խմբերի մասին:
«Եթե Դոնալդ Թրամփին ընտրեն այն բաների հիման վրա, ինչ նա ասել է, իմ կարծիքով՝ դա կլինի վտանգավոր միջազգային տեսանկյունից»,- հայտարարել է հանձնակատարը:










