Իմ դիրքորոշումը որևէ նշանակություն չունի. Տիգրան Մուկուչյանը ընտրացուցակների հրապարակման մասին

15:26 • 12.10.16

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում մեկնաբանել իշխանության և ընդդիմության միջև ձեռքբերված համաձայնությունը՝ Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, ըստ որի՝ առաջարկվում է հրապարակել ընտրություններին մասնակից անձանց ցուցակները:

«Իմ դիրքորոշումն անկեղծ ասած որևէ նշանակություն չունի: Եթե քաղաքական ուժերը նման դիրքորոշում են ձևավորել, ԿԸՀ-ն պարտավոր է կատարել օրենքի պահանջները, ուստի մեր դիրքորոշումը որևէ նշանակություն չունի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ իրենք կապահովեն, որ օրենքում ամրագրված դրույթները լիարժեք ծավալով կյանքի կոչվեն:

Հարցին՝ ընտրացուցակների հրապարակումը կբարձրացնի՞ ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը, Տիգրան Մուկուչյանը կրկին չպատասխանեց, նա ասաց, որ այդ մասին կարելի է խոսել ընտրություններից հետո:

«Իմ անձնական կարծիքը ես բազմիցս հնչեցրել եմ, բայց դա այլ խնդիր է, իսկ օրենսդրական կանոնակարգումը  բոլորովին այլ խնդիր է»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը: