Փարիզ այցը Պուտինի համար բեռ կլիներ. Ֆրանսիայի ԱԳՆ

14:32 • 12.10.16

Պաշտոնական Փարիզը ցավում է Սիրիայում իրավիճակը քննարկելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաք չժամանելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, գրում է interfax.ru-ն:

 

«Մենք պատրաստ ենք եղել քննարկել Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում իրավիճակը, դա այն առաջարկն է, որը մենք արել ենք… Ես ցավում եմ, քանի որ մենք ցանկանում էինք քննարկել Սիրիայի հարցը Մոսկվայի հետ»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

 

Էյրոն նշել է, որ Ֆրանսիայի հիմնական պահանջը եղել է ՌԴ-ի կողմից Բաշար ալ Ասադի ռեժիմին ուղղված աջակցության դադարեցումը, ինչպես նաև՝ Հալեպի ռմբակոծությունների ավարտը:

 

«Ես հասկանում եմ, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի եկել, որովհետև իրականում նրանք ուժեղացրել են Հալեպում ռմբակոծությունները, Սիրիայի հարցի քննարկման համար Փարիզ այցելությունը բեռ կլիներ նրա համար»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը չեղյալ է հայտարարել իր այցը Փարիզ: