«Տեսաժապավեն ունենք, որտեղ լցոնումներ են արվում, ընտրակաշառք են բաժանում». Սևանի նախկին քաղաքապետը դիմել է դատարան

13:28 • 12.10.16

Այսօր` ժամը 18-ին, Երևանի վարչական դատարանում տեղի կունենա Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հայցի քննության առաջին նիստը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ղուկասյանը հայց էր ներկայացրել դատարան՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

«Տեսաժապավեն ունենք, որտեղ լցոնումներ են կատարվում, ընտրակաշառք են բաժանում: Մարդիկ, որոնք իրավունք չունեն տեղամասում գտնվել, հաշվիչ հանձնաժողովում բյուլետեններ են հաշվում: Բացի էդ, կան ռեալ հաշվարկներ, որ 12 հազար մարդ Սևանում չէր կարող մասնակցել ընտրություններին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Սևանի նախկին քաղաքապետը, որը հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում մոտ 3000 ձայնի տարբերությամբ պարտվեց «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Սարգիս Մուրադյանին:

Ռուդիկ Ղուկասյանը կարծում է, որ Սևանում ՏԻՄ ընտրություններին մասնակիցների թիվն ուռճացված է: Վերջինս պնդում է, որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով։

«Ես գործող քաղաքապետն եմ, գիտեմ շարժը ոնց է քաղաքում: Ունեցել եմ կոմունալ վարչություն, որը բոլորի հետ պայմանագրային պարտականությունների մեջ է: Քաղաքից բացակայում է ընտրության իրավունք ունեցող բնակիչների 35 տոկոսը: Եթե դա հաշվարկենք, ուրեմն Սևանում առկա բնակչության 100 տոկոսը մասնակցել է ընտրության: Նման բան չի կարող լինել»,- ասաց Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններում 6 հազար 671 ձայնով անցել է անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում էր ՀՀԿ-ն: Ըստ պաշտոնական վիճակագրության, Սևանում 62 տոկոս մասնակցություն է գրանցվել, մինչդեռ Գյումրիում, օրինակ, մոտ 35 տոկոս է եղել։

Հարցին, թե ընտրախախտման քանի ձայնագրություն կա, նախկին քաղաքապետը հայտարարեց. «Չէինք կարող բոլոր տեղամասերում նկարահանել, 3 տեղամասում նկարահանել ենք, նույնն է, 12 տեղամաս չէինք կարող նկարել: «Գարաժ» թաղամասում ընտրակաշառք են բաժանել, ու էդ ընտրակաշառք բաժանողը գալիս նստում ձայներ ա հաշվում, որը որ կապ չունի հանձնաժողովի հետ: Եթե հանրապետականը կաշառվում ա, պրծավ, էլ հանրապետական չկա, նժդեհյան գաղափարախոսությունը դարձավ զրո, կաշառված մարդը ոչ մի բանի ի վիճակի չի ոչ մի բանի, ոչ բարեփոխման: 10 հազար դրամով ընտրակաշառք են բաժանել: Այս դատը բարոյական հարթության խնդիր է»: