ՌԴ Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել սիրիական Հմեյմիմում ռուսական ավիաբազայի անժամկետ տեղակայումը

12:13 • 12.10.16

ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում վավերացրել է Սիրիայում ռուսական ավիաբազայի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը: Կողմ է քվեարկել 158 սենատոր, մի հոգի ձեռնպահ է մնացել, հայտնում է ТАСС-ը:

 

Փաստաթուղթը ստորագրվել է 2015 թվականի օգոստոսի 26-ին Դամասկոսում, իսկ մոտ մեկ տարի անց՝ 2016 թվականի օգոստոսին, ՌԴ նախագահն այն ներկայացրել է խորհրդարան:

 

Համաձայնագրում նշվում է, որ ռուսական ավիացիոն խումբը տեղակայվում է երկրի տարածքում սիրիական կողմի խնդրանքով, Լաթաքիա շրջանի Հմեյմիմ աերոդրոմում, անժամկետ և անվճար հիմունքներով:

 

Պետդուման միաձայն վավերացրել էր համաձայնագիրը հոկտեմբերի 7-ին:

 

Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ ավիացիոն խմբի կիրառումն իրականացվում է դրա հրամանատարի որոշման համաձայն՝ սիրիական իշխանությունների ներկայացուցիչների հետ համաձայնեցմամբ: