Ահաբեկչության համար կասկածվող սիրիացուն մահացած են գտել Գերմանիայի բանտում

10:29 • 13.10.16

Սիրիացի փախստականը, որը կասկածվում էր Բեռլինի օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու համար, ինքնասպան է եղել Լայպցիգի իր բանտախցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հայտնում է Spiegel-ը, 22-ամյա Ջաբեր ալ-Բաքրը մահից առաջ հացադուլ էր հայտարարել: Դեռ պարզ չէ, թե ինչպես է նա կարողացել ինքնասպանություն գործել:

 

Ալ-Բաքրը ձերբակալվել էր Լայպցիգում երկուշաբթի: Դրանից երկու օր առաջ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Սաքսոնիայում գտնվող նրա բնակարանում՝ հայտնաբերելով ամբողջությամբ պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք:

 

Ալ-Բաքրին այդ ժամանակ հաջողվել էր փախչել ոստիկաններից: Սիրիացին փախուստի էր դիմել Քեմնից քաղաքի արևելյան հատվածում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ: 

 

Ալ-Բաքրը Գերմանիա էր ժամանել 2015 թվականին: