Ես էլ եմ զբաղեցրել նույն պաշտոնը, բայց շաբաթը մեկ հանդիպում էի Նախագահի հետ. Գ. Իսագուլյանը` Դալլաքյանի հայտարարությունների մասին
Tert.am –ի հետ զրույցում ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ իրեն այդ պաշտոնում փոխարինած Վիկտոր Դալլաքյանի` օրերս հրավիրած ասուլիսում արված աղմկահարույց հայտարարություններին:
- Պարոն Իսագուլյան, Դուք Վիկտոր Դալլաքյանից առաջ եղել եք ՀՀ ներկայացուցիչը ԱԺ-ում: Վիկտոր Դալլաքյանը օրերս հրավիրեց խոստացված աղմկահարույց ասուլիսը, խոսեց իր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին՝ նշելով, որ եթե իր հետ մի բան պատահի՝ Սերժ Սարգսյանն է պատասխանատուն: Սակայն արդեն իսկ կարծիք է շրջանառվում, որ սա թատերականացված ներկայացում է և նա «գործուղվել է» Բաղրամյան 26-ից և այլն: Ինչո՞ւ Հայաստանում ոչ ոք ոչ մի բանի չի հավատում:
-Իմ համար, իհարկե, միշտ տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր ունեն կենսագրություն, անցած ճանապարհ, հասկանալի է, թե որ պարագայում ինչն ինչի համար են արել, հանկարծ անում են հայտարարություններ կամ դրանց տալիս են այնպիսի թատերական տեսք, որ տպավորություն առաջանա, թե դա արտառոց երևույթ է: Սա իսկապես ողբերգություն է, և, ցավոք, դրանից օգտվում են Հայաստանի քաղաքական դաշտի բավականին շատ դեմքեր: Ուղղակի իմաստ չուներ. մարդը կա որոշ ժամանակ, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից` գնացել է նրան, որ աշխատել է որևէ համակարգում և հիմա էլ որոշում է վերադառնալ համակարգ, որտեղից գնացել է։ Կարելի էր ուղղակի շատ պարզ ասել՝ գիտեք ինչ, ես չորս տարի աշխատել եմ Նախագահի աշխատակազմում, հիմա նորից որոշել եմ պատգամավոր դառնալ, դրա համար նախօրոք վայր եմ դնում նախագահի աշխատակազմի լիազորություններս։ Բայց իր ասուլիսին ինքն ինչ էր ասում... Որ ՀՀ ու ԼՂ նախագահները Վիկտոր Դալլաքյանին հրավիրել են Ղարաբաղ և նրան խնդրել են, որ աշխատանքի անցնի այդ ապարատում: Ես եղել եմ այդ ժամանակ, դա թաղման արարողություն էր։ Բոլորս մասնակցում էինք, և ես արդեն գիտեի, որ ի պաշտոնե բերելու են Վիկտոր Դալլաքյանին, ես արդեն իսկ հրաժարականը տվել էի, սպասում էի նախագահի հրամանագրին։ Ինքը մոտեցավ Նախագահին, բոլորի աչքի առաջ զրուցել են, որից հետո ես եմ իրեն բերել Հայաստան իմ ծառայողական մեքենայով, որը դառնալու էր իր ծառայողական մեքենան, ասել եմ` ինչ պետք է անի, ոնց վարվի ԱԺ-ում: Եվ թե այդ ամբողջ ճանապարհին ինքն ինձ ինչ ասեց, ես`իրեն ինչ, գիտենք ես, ինքը ու իմ լավագույն ընկերը, որ ուղեկցում էր մեզ: Այնպես որ, կարծում եմ, ճիշտ չի, այն, ինչ ասաց;
-Ինքը, վիրավորված լինելով, ասում էր`տեսե՞լ եք ՀՀ նախագահի որևէ ներկայացուցչի, որը 4 տարի նախագահի հետ չի հանդիպել:
-Ես էլ եմ զբաղեցրել նույն պաշտոնը, բայց շաբաթը մեկ, ամենաքիչը, հանդիպում էի: Ախր հստակ կանոնակարգված է Նախագահի ներկայացուցչի աշխատանքը ԱԺ-ում: Ինքը պարտավոր էր կառավարության ցանկացած օրենսդրական նախաձեռնություն` մինչև ԱԺ համապատասխան հանձնաժողով գալն ու քննարկվելը պահել իր ուշադրության կենտրոնում: Եվ եթե ինքը տեսնում է, որ դրանցում կան թերացումներ, հակասություններ, չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, դրանց մասին հստակ կազմում է զեկուցագիր, զեկուցում է Հանրապետության նախագահին: Հատկապես Վիկտոր Դալլաքյանը, որն ասում է, որ 83 նախագծերի հեղինակ է, որ ամենաակտիվն է:
-Բայց դժվար, թե Վիկտոր Դալլաքյանն այդ ամենի մասին չիմանար, որ չաներ...
-Դե, եթե արել է, թող… Եվ հետո ՀՀ նախագահին ուղղված ցանկացած զեկուցագիր ֆիքսվում է, գրանցվում է հատուկ մատյանում: Հիմա պետք է գնալ ու ստուգել, թե քանի նման զեկուցագիր է տրվել Նախագահին և Նախագահը դրանց ուշադրություն չի դարձրել: Ես, օրինակ, ներկայացրել եմ նախագահի առարկությունները: Այսինքն` դա շատ ավելի ակտիվ աշխատանք է պահանջում, քան ցանկացած պատգամավորի աշխատանք:
-Հետևաբար, ի՞նչ եք ուզում ասել, որ չի՞ արել:
- Նախագահն ինձ, որևէ խորհրդականի, տեղակալի , ԱԺ աշխատակազմի ղեկավարի, տեղակալի պետք է կանչի՞, ասի՞՝ ինչ ունես ինձ ասելու, արի ասա: Կամ ասի` ես քեզ բա՞ն ունեմ ասելու: Հավատացեք, որ նախաձեռնությունը միշտ պետք է ենթակայից լինի: Հիմա թող Վիկտոր Դալլաքյանն ասի` քանի՞ անգամ է ինքը նախաձեռնություն ցուցաբերել, դիմել, որ հանդիպի Նախագահին, շտապ զեկուցելու բան ունի, ու Նախագահն իրեն չի ընդունել: Ո՞վ է մեղավոր, որ դու չես գնացել:
-Դուք նրա պաշտոնում, նրանից առաջ Ձեզ մեկուսացված չե՞ք զգացել:
-Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո ես մեկուսացած չեմ զգացել։Եվ անհրաժեշտության դեպքում զանգել եմ թե’ ՀՀ , թե ԼՂ նախագահներին, ու չի եղել մի դեպք, երբ ասեն` «գիտես ինչ, Գառնիկ ջան, ժամանակ չկա»:
Եվ պետք չի. ես հարգում եմ, ցանկացած մարդ իրավունք ունի ունենալ սեփական տեսակետ, քաղաքական հայացքներ, բայց պետք չի ամեն ինչ սևացնել ու ասել` գիտեք ինչ , եթե վաղը ինձ կամ իմ ընտանիքի հետ բան պատահի՝ մեղավորը Սերժ Սարգսյանն է: Այսինքն` Աստված մի արասցե վաղը ձմեռ է, սայթաքեն, ընկնեն, ոտքերը ջարդեն, նախագահն ի՞նչ մեղավոր է:










