Ադրբեջանը փորձում է սադրանքներով իրավիճակ փոխել. Հրանտ Մելիք Շահնազարյան
Ադրբեջանը փորձում է իրավիճակ փոխել ՝ կրկին սադրանքներ իրականացնելով, բայց այդպիսի քաղաքականությամբ հաջողության հասնել չի կարող։
Tert.am-ի հետ զրուցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա դիտարկմամբ՝ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը թե՛ սեփական հասարակության, թե՛ միջազգային հանրության առջև հայտնվել է բավականին բարդ, անհարմար իրավիճակում։
«Ներքին առումով փորձում է ցույց տալ այդքան զոհերը զուր չեն եղել, իսկ բանակցային գործընթացում էլ այլևս շանտաժի գործիք չունի»,-մանրամասնեց նա։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ բանակցային գործընթացը հիմա փակուղում է, ինչը արձանագրվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի Ջոն Քերիի հայտարարությամբ, ըստ որի՝դեռևս պայմաններ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած հակամարտության կարգավորման համար։
«Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովի փաստացի տապալումից հետո եղան նախագահների հանդիպումներ, բայց ոչինչ չհետևեց դրան։ Այդ պատճառով էլ որքան էլ համանախագահները խոսեն 3-րդ հանդիպման վերաբերյալ, ակնհայտ է, որ նման զարգացումներով, ոչինչ չի տալու»,-ասաց նա։
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ հայկական կողմն իր դիրքորշումը կոշտացրել է, քանի որ Ադրբեջանը հրապարակայնորեն մերժում է կողմերի միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Տարածքներ զիջելու հարցը, որը դրված էր մադրիդյան սկզբունքների հիմքում, ըստ էության, այլևս գոյություն չունի։ Եվ այսօր միակ գործոնը, որը խոչընդոտում է պատերազմի վերսկսմանը, հայկական զինված ուժերի պատրաստվածությունն է և նոր զինտեխնիկայով հագեցած լինելու հանգամանքը»,-ասաց նա։
Քաղաքագետը նկատեց նաև, որ պաշտպանության ոլորտում վերջին փոփոխությունները և նշանակումները մեսիջ էին Ադրբեջանին։
«Ուզում եմ շեշտել նաև նորանշանակ նախարարի խոսքերն այն մասին, որ անցնում ենք ազգ-բանակ գաղափարի իրականացմանը. սա նշանակում է Հայաստանը պատրաստվում է երկարատև հակամարտության»,-ասաց նա։










