Նազարբաևի դուստրը պատմել է հոր առողջության մասին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրեն զգալիորեն ավելի լավ է զգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է սենատոր, երկրի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երեքշաբթի Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նազարբաևը բուժման մեջ է գտնվում՝ մրսածության պատճառով: Մինչև շաբաթվա վերջ երկրի նախագահի բոլոր միջազգային այցերը, այդ թվում՝ դեպի Հայաստան ու Ադրբեջան, չեղյալ են հայտարարվել:
«Արդեն զգալիորեն ավելի լավ է»,- ասել է Նազարբաևան խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստից հետո՝ պատասխանելով նախագահի առողջական վիճակի և ինքնազգացողության մասին հարցին:
«Մտցվել են որոշակի փոփոխություններ, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջ նախագահի մասնակցությունը միջազգային միջոցառումներին չի նախատեսվում: Երևանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը: Հետագայում նախագահի գործունեությունը կընթանա համաձայն աշխատանքային ժամանակացույցի»,- ավելի վաղ ասել էր Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ակորդի Այդոս Ուկիբայը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետք է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամաներ հոկտեմբերի 13-ին:










