Խնդրում ենք թեկուզ համաներումով մեր տղաներին ազատել. Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատներ

14:32 • 13.10.16

Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորվածների հարազատներն արդեն մեկ ամսից ավելի է՝ դիմում են Կառավարություն, Դատախազություն և տարբեր այլ իրավասու մարմիններ, որ իրենց հարազատները ազատ արձակվեն․ այս մասին Tert.am-ին նախագահականի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պատմեց ձերբակալվածներից մեկի կինը՝ Նարինե Ղազարյան:

«Արդեն 2 ամսից ավելի է՝ նրանք կալանավորված են: Եղել է երկու նիստ, որոնք հետաձգվել են դատական պրոցեսին դատախազի բացակայության պատճառով: Հոկտեմբերի 21-ին երրորդ դատն է, հույս ունենք, որ այս անգամ դատախազը կներկայանա, և մենք կիմանանք մեր հետագա անելիքների մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա էլ իրենց նամակով եկել են դիմելու Նախագահին: Նա նշեց, որ նամակում խնդրանքին միացել է Սարի թաղի մեծամասնությունը՝ իրենց ստորագրությամբ:

«Մենք, որ դիմում ենք իրենց, չի նշանակում, որ հենց իրենց ձեռքի տակն ենք,-ասաց Նարինե Ղազարյանը, հավելեց,-այս 9 տղաներից որևէ մեկը չունի որևէ խնդիր ոստիկանության հետ, տան տղաներ են, աշխատել են իրենց ընտանիքը պահելու համար: Մենք դուրս ենք եկել լավ մարդկանց համար պայքարելու նպատակով, չէ՞ որ նրանք դուրս էին եկել իրենց կենցաղային խնդիրները՝ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի հարցերը լուծելու»:

Նարինե Ղազարյանը հիշեցրեց, որ իրենց հարազատների և ոստիկանների միջև եղած վիճաբանության հաջորդ օրը կարողացան լուծել իրենց կենցաղային խնդիրները․ «Նշանակում էր, որ դրանք լուծելի խնդիրներ էին, իսկ ինչո՞ւ մինչ այդ միջադեպը ոչինչ չէին անում»:

Ըստ կալանավորվածի կնոջ՝ իրենց գործով դատախազ Գարիկ Մանուկյանի՝ դատական նիստերին չմասնակցելը և դրա հետևանքով նիստերը հետաձգվելը, անհիմն է. «Գուցե իրենց համար մեկ ամիսը սովորական օրեր են, բայց 9 հոգու ընտանիքների համար սովորական օր չէ, ամեն մի օրը իրենց համար տարիներ են, դժոխք: Իրենք այդ ամեն ինչը հետաձգելով՝ լավ ապրում են, բայց մենք չենք վայելում, ամեն օր արցունքներով սպասում ենք խնդրի լուծմանը»,- ասաց Նարինե Ղազարյանը:

Նա նշեց, որ իրենք վստահ են, որ այս հարցը կարող է լուծել Նախագահը, հիմա եկել են Նախագահից խնդրելու,որ իրենց հարազատներն ազատ արձակվեն. «Թեկուզ համաներումով մեր տղաներին ազատեն»: