Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնը. ՌԴ նախագահի խորհրդական
Հայաստանում շատ էին թերահավատները, որ ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի զարգացնի ՀՀ տնտեսությունը: Այս մասին Երևանում ընթացող եվրասիական տնտեսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը:
Վերջինս նշեց, որ ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, սակայն, հակառակն է ապացուցում, որովհետև Հայաստանից ապրանքների արտահանումը յոթանասուն տոկոսով մեծացել է:
«Սա հիանալի արդյունք է, ռեկորդային, ուստի, ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնը: Չնայած՝ աճի տեմպերով Հայաստանն արդեն իսկ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնն է, որովհետև արդարացնում է համարձակ ակնկալիքները»,- նշեց Սերգեյ Գլազևը:
ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդականը նշեց, որ Հայաստանը լավ օրինակ է ծառայում ԵՏՄ անդամ-պետություններ ազգային արտադրության արտահանմամբ՝ գյուղատնտեսական մթերքներից մինչև տեխնոլոգիական ապրանքատեսակներ:










