Մոսկվա- Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները կտեղափոխվեն Երևան, առավել ծանր վնասվածք ստացածները բուժումը կշարունակեն Վլադիկավկազում
Մոսկվա- Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժած 27 ՀՀ քաղաքացիներին տեղափոխող օդանավը քիչ անց վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում: Ինքնաթիռով Հայաստան կտեղափոխվի նաև վթարից զոհված Արևիկ Օհանյանի դին: Օդանավակայանում տուժածների հարազատները եկել են նրանց դիմավորելու:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանն ասաց, որ տուժածները տեղափոխվում են ՌԴ ԱԻՆ ծառայության տրամադրած ինքնաթիռով: Ըստ նրա՝տեղափոխվում են համեմատաբար թեթև վնասվածքներ ստացած անձինք, որոնք բուժումը կշարունակեն ՀՀ-ում: Նրա խոսքով՝ առավել տուժած ՀՀ և ՌԴ քաղաքացիները՝ թվով 9 հոգի, բուժումը կշարունակեն Վլադիկավկազում:
Նշենք, որ տուժածները հիմնականում ՀՀ մարզերից են, որոնք մեկնել էին արտագնա աշխատանքի: Tert.am-ի հետ զրույցում Նոր կյանք գյուղի բնակիչ Ստեփան Ղազարյանը պատմեց, որ եկել է դիմավորելու ավագ եղբորն ու եղբորորդուն: Նա նշեց, որ հարազատները համեմատաբար թեթև վնասվածքներ են ստացել: Նաև ավելացրեց, որ նրանք արտագնա աշխատանքի էին մեկնել և վերադառնում էին հայրենիք: Տուժածների հարազատն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես է դեպքը պատահել, սակայն ենթադրում է, որ կամ վարորդն է քնած եղել, կամ ավտոբուսն է անսարք եղել:
Փոքր երեխաների հետ օդանավակայան էր շտապում նաև Թամարա Կիրակոսյանը: Նա ասաց, որ առավոտյան լրատվամիջոցներից է տեղեկացել վթարի մասին, և զանգահարելով մորը՝ պարզել է, որ նրանց ավտոբուսն է վթարի ենթարկվել: Նրա խոսքով՝ մայրը գլուխն է վնասել, բուժօգնություն են ցուցաբերել: Թեև այժմ վիրակապով է, բայց բարեբախտաբար լավ է: Թամարայի մայրն էլ էր արտագնա աշխատանքի մեկնել: Նշենք նաև, որ օդանավակայանում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:










