Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Հս. Օսիայում ժամանակավոր տեղակայման կետ է ստեղծվել

09:56 • 14.10.16

Հյուսիսային Օսիայի «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո Բեսլանի մշակույթի տանը ժամանակավոր տեղակայման կետ է բացվել՝ նախատեսված 14 հոգու համար:

 

Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությանը հղումով:

 

Նշվում է, որ ժամանակավոր տեղակայման կետ կուղարկվեն նրանք, ովքեր ՃՏՊ-ի հետևանքով չեն տուժել:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Mercedes մակնիշի ուղևորատար ավտոբուսը, որում եղել է 52 հոգի, մայրուղու վրա մեծ արագությամբ բախվել է կայանված Scania բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 27-ը: Նշվում է, որ հոսպիտալացվածների թվում կա 10-15 տարեկան 4 երեխա:


Ողբերգական ելքով ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 04:30-ին: Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:

 

Աղբյուրը հավելում է, որ այժմ դեպքի վայրում աշխատում են հոգեբանները, հրշեջները, բժիշկներն ու իրավապահները, որոնք  փորձում են պարզել տեղի ուենցածի պատճառները: