Օդանավով Երևան կտեղափոխվեն ավտոբուսի վթարից տուժած 26 քաղաքացիները և զոհված 2 ուղևորների մարմինները (թարմացվում է)
Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում վթարվել է Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։ Վթարի մասին մանրամասները կարդացեք ստորև։
15։54
Նախնական տվյալներով` ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող օդանավը Երևան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16:00-ին, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
15:35
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
15:06
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 4 երեխաների վիճակը ծանր է, 1-ինը՝ միջին ծանրության. նոր տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
14:56
Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևանի վթարված ավտոբուսի զոհված վարորդը Յուրա Պողոսյանն էր. նա Տավուշի մարզի Թովուզ գյուղի բնակիչ էր, թեպետ տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Երևան:
14:53
ՌԴ ԱԻՆ օդանավը մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներին և վթարից տուժածներին Երևան տեղափոխելու: 
14:41
Այսօր երկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Երևան են տեղափոխվելու Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
13։31
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը ներկայացնում է Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների անունները։
Դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը ՌԴ քաղաքացի է, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:
Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի
Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի
Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի
Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի
Մամչենկո Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի
Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:
12։52
Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված 5 անձանցից 3-ն ազգությամբ ռուս են՝ ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
14։40
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը ներկայացնում է Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի մանրամասները՝ ժամը 11.00-ի դրությամբ։
12։38
Հյուսիսային Օսիայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: Այդ մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն: «Նախնական տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու բախվել է ճամփեզրին կանգնած ավտոքարշակին»,- հաղորդագրությունում:
11։56
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Երևան տեղափոխելու համար օդային տրանսպորտ կտրամադրվի։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի բժշկական շրջանակներում:
11։55
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 15 հոգուց ավելին դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ երկու ներկայացուցիչ մեկնում է դեպքի վայր։
11:31
Հրապարակվել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների՝ Վլադիկավկազում բուժօգնություն ստացող քաղաքացիների նոր ցուցակը։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Կա 5 զոհ։ 


11:25
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով չտուժածները քաղաքացիների վերադարձը Հայաստան կազմակերպվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի կապի և նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը։
Նա ասաց, որ վթարից չտուժած քաղաքացիները, ովքեր առողջական խնդիրներ չունենն հիմա գտնվում են Բեսլանի մշակույթի տանը, նրանք ստանում են այն, ինչի կարիքն ունեն, սակայն այս պահին որևէ բանի կարիք չունեն:
11։15
Մոսկվա - Երևան վթարի ենթարկված Mercedes մակնիշի, 50 AA 515 պետհամարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
11:12
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի գործով ստեղծված օպերատիվ շտաբը սկսել է պատահարի պատճառների քննությունը, այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
10։44
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ` 007-86-72-40-38-92 հեռախոսահամարով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը։
10։35
Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ:
ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

10։28
ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Ցուցակը ներկայացնում ենք ստորև։


10։16
ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է, որ վթարից տուժած 4 երեխաներից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
10.05
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկության՝ տուժած 4 երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:



09։56
Հյուսիսային Օսիայի «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո Բեսլանի մշակույթի տանը ժամանակավոր տեղակայման կետ է բացվել՝ նախատեսված 14 հոգու համար:
Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:
Նշվում է, որ ժամանակավոր տեղակայման կետ կուղարկվեն նրանք, ովքեր ՃՏՊ-ի հետևանքով չեն տուժել:

09։49
Հյուսիսային Օսիայում Մոսկվա–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի մասին ՀՀ ԱԻՆ–ի տեղեկացվելուց հետո ՌԴ–ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը մեկնել է
Բեսլան՝ դեպքի վայր։
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը մշտական կապի մեջ է Արտակ Ղազարյանի հետ: Տուժածների և զոհերի անունները ճշտվում են:
09։26
Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ վթարից տուժել է 22 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, որոնք անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:


-----------------------
Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 27-ը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ողբերգական ելքով ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին:
Ինչպես հայտնում է vesti.ru-ն, Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում զետեղված հաղորդագրությունում նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոբուսը, որում եղել է 52 հոգի, մեծ արագությամբ բախվել է Scania բեռնատարին: Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:
«Ըստ նախնական տվյալների՝ 4 մարդ մահացել է դեպքի վայրում»,-նշվում է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
Աղբյուրը հավելում է, որ այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջները, բժիշկներն ու իրավապահները, որոնք փորձում են պարզել տեղի ուենցածի պատճառները:
Դեպքի վայրից տեսանյութը կարող եք դիտել այստեղ։















