Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 4 քաղաքացի Վլադիկավկազի հիվանդանոցում է

19:53 • 14.10.16

Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ ք. Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում է մնալ չորս ՀՀ քաղաքացի. տեղեկացնում է  ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը։

Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.)  և Պողոսյան Ս.Ս.-ն  (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկովկասի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) և Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.)  գտնվում են քաղաքի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է համապատասխանաբար՝ ծանր և միջին ծանրության:   

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկովկաս քաղաքի մոտակայքում վթարվել է Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել  27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։  ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած  ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։

Նշենք, որ հայտնի են ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվող՝ ավտոբուսի վթարից տուժածներիանունները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրել է մեքենաներ, որոնք ուղևորներին կհասցնեն իրենց բնակավայրեր։