«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանի վերաքննիչ բողոքը քննվել է, սակայն վճիռ դեռ չի կայացվել. փաստաբան

16:43 • 14.10.16

«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը դատարանը քննել է, սակայն վճիռը դեռ չի հրապարակել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Եղիազարյանի փաստաբան Լուսինե Հակոբյանը. «Վերաքննիչ բողոք էինք ներկայացրել առաջին ատյանի՝ կալանքի երկարացման որոշման դեմ: Դատական նիստը կայացել է, սակայն դատարանը դեռ որոշումը չի հրապարակել»:

Հարցին, թե Գագիկ Եղիազարյանը ներկա՞ եղել է դատական նիստին, քանի որ նախորդ դատական նիստին այդ մասին միջնորդություն էր ներկայացվել, Լուսինե Հակոբյանն ասաց, որ դատարանը բավարարել է միջնորդությունը և Գագիկ Եղիազարյանը ներկա է գտնվել նիստին իր մյուս պաշտպանի՝ Դավիթ Գյուրջյանի հետ, սակայն հայտարարությամբ հանդես չի եկել:

Նշենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 23-ին բավարարել էր քննիչի միջնորդությունը «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Եղիազարյանի կալանքը երկարացվել էր ևս երկու ամսով, և դատարանը մերժել էր գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանին առաջադրվել էր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: