Գյումրիում խուլիգանության վերածված ավտովթարից հետո մանկապարտեզի բակ են նետել ատրճանակ
Գյումրիում խուլիգանության վերածված ավտովթարից հետո մանկապարտեզի բակ են նետել ատրճանակ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների միջև։
Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաև զենք:
Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։
Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարևանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։










