Հրապարակվել է «Սովի համաշխարհային ինդեքս»-ը. Անդրկովկասի երկրներից ամենավատ վիճակն Ադրբեջանում է
Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը հրապարակել է 2016 թվականի «Սովի համաշխարհային ինդեքս» (Global Hunger İndex) ամենամյա զեկույցը:
118 երկրներից բաղկացած ցանկում Հայաստանը սովի մակարդակով հավաքել է 8,7 միավոր: 2008 թվականին Հայաստանը հավաքել էր 11,7 միավոր: Սովի մակարդակով Ադրբեջանը հավաքել է 9,8 միավոր, Վրաստանը՝ 8,3 միավոր, Ռուսաստանը՝ 6,8 միավոր, Թուրքիան՝ 5 բալից քիչ:
Հայաստանում թերսնումից տառապող մարդկանց թիվը կազմում է բնակչության 5,8 տոկոսը:
Մինչև 5 տարեկան երեխաների 3,3 տոկոսի մոտ կա սակավաքաշություն, 12,9 տոկոսի մոտ՝ զարգացման դանդաղեցում: Մանկական մահացության ցուցանիշը կազմել է 1,4 տոկոս:
Ամեն օր մոտ 795 միլիոն մարդ, այդ թվում՝ երեխաներ, սոված են քնում, ասված է հետազոտությունում:
Ցանկում առաջին տեղը 46,1 միավորով զբաղեցնում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Չափազանց մտահոգիչ ցուցանիշ գրանցած երկրների թվում են նաև Չադը, Զամբիան, Հաիթին, Մադագասկարը, Եմենը, Սիեռա Լիոնեն:
Սովի ինդեքսը կախված է հետևյալ ցուցիչներից՝ քրոնիկ սով, մանկական մահացություն, երեխաների մոտ սակավաքաշություն, զարգացման դանդաղում:










