Պուտինը հավանության է արժանացրել Սիրիայում ռուսական ավիախմբի անժամկետ տեղակայումը

11:37 • 14.10.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայի տարածքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին Մոսկվայի և Դամասկոսի միջև համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

«Դաշնային օրենքով վավերացվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին Դամասկոսում ստորագրված համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Կրեմլում նշել են, որ փաստաթուղթը կարգավորում է Սիրիայում ռուս զինվորականների գտնվելու պայմանները: Համաձայնագրում, մասնավորապես, ասվում է, որ ավիախումբը տեղակայվել է երկրում Դամասկոսի խնդրանքով և գտնվում է Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայում, որն իր ենթակառուցվածքներով և անհրաժեշտ տարածքով տրամադրվում է Ռուսաստանին: