Սաուդյան Արաբիան ցանկանում է ամբողջությամբ վերացնել Իրանը. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտնել է, որ Սիրիան պատերազմի սկզբում օգնության տրամադրման վերաբերյալ ուղիղ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից՝ Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները խզելու դեպքում: Այդ մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольская правда») թերթին տված հարցազրույցում:
«Պատերազմի սկզբում մենք ուղիղ առաջարկ ենք ստացել Սաուդյան Արաբիայից: Եթե մենք երես թեքեինք Իրանից և հայտարարեինք Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները խզելու մասին, նրանք կասեին, որ ինձ օգնելու են: Շատ պարզ և ուղիղ»,- ընդգծել է Ասադը:
«Եթե մենք խոսում ենք տարածաշրջանային հակամարտության մասին, Սիրիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ Սաուդյան Արաբիան ցանկանում է բոլոր առումներով վերացնել Իրանը՝ տարբեր պատճառներով: Այդ պատճառով նրանք ցանկանում են, որ Սիրիան մեջքով շրջվի Իրանին: Քանի որ Սիրիայի ավերումը բացասաբար կազդի Իրանի վրա: Ես դրան այդպես եմ նայում: Արևմուտքը, հետևելով Ռուսաստանի և Սիրիայի երկար տարիների համագործակցությանը, հույս ունի, որ Սիրիայի ավերումը նաև բացասաբար կազդի Ռուսաստանի վրա»,- նշել է Սիրիայի նախագահը:










