Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան պայմանավորված է տնտեսական ու ռազմական համագործակցությամբ. ադրբեջանագետ

22:26 • 15.10.16

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջան կայցելի Իսրայելի վարչապետը, և, առհասարակ, վերջին շրջանում Ադրբեջանն ու Թուրքիան կարգավորում են իրենց հարաբերություններն Իսրայելի հետ։ Իսրայելի վարչապետի՝ Ադրբեջան այցի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Իրանի գործոնի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի հետ:

- Պարո՛ն Մովսիսյան, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է հոկտեմբերին այցելել Ադրբեջան: Ի՞նչը կարող է Իսրայելի վարչապետի այցի պատճառ լինել:

-Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան պայմանավորված է բավականին բարձր մակարդակի  տնտեսական նաև ռազմական համագործակցությամբ: Իսրայելը հետաքրքրված է խորացնել և զարգացնել հարաբերությունները բոլոր այն մուսուլմանական պետությունների հետ, որոնց հետ հնարավորություններ ունի: Այդ երկրների շարքում են նաև Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը: Մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ Իսրայելը փորձում է նաև ամրապնդել իր դիրքերը պաղեստինյան հակամարտությունում:

Հարկ է նշել, որ իսրայելա-թուրքական ճգնաժամի ընթացքում Թել Ավիվը շարունակել է պահպանել և խորացնել իր հարաբերությունները Բաքվի հետ:

-Ընթացիկ տարվա հունիսին Թուրքիան ևս սկսեց հարաբերությունները կարգավորել Իսրայելի հետ: Ո՞ր քաղաքական կամ տնտեսական շահն է ստիպում Հայաստանի հարևաններին կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ:

-Թուրքիան և Իսրայելը տասնամյակներ շարունակ ունեցել են բավականին բարձր քաղաքական և տնտեսական հարաբերություններ: Թուրք-իսրայելական հարաբերությունները աստիճանաբար սկսեցին սառել Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո, որն էլ վերածվեց ճգնաժամի 2010 թվականին Մավի Մարմարայի միջադեպից հետո: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներից ելնելով՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը բխում է միմյանց շահերից:

-Որոշ ժամանակ առաջ խոսվում էր այն մասին, որ Թուրքիան իր տարանցիկ հնարավորություններն է տրամադրելու Ադրբեջանին նաև Իսրայել դուրս գալու համար: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

-Այսօր էլ ադրբեջանական նավթը Իսրայել է հասնում Թուրքիայի տարածքով: Պետք է արձանագրել, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը կստեղծի Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության նոր հնարավորությունների հարթակ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում իսրայելական սպառազինության նկատմամբ և նմանատիպ այցերի ընթացքում կքննարկվեն նաև զենքի վաճառքին առնչվող հարցեր:

-Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցումն Իսրայելի հետ որքանո՞վ կազդի Իրան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի թշնամական հարաբերութունները:

-Իսրայելի՝ տարածաշրջանում ակտիվ քաղաքականությունն անկասկած մտահոգության տեղիք է տալիս Իրանին, քանի որ փաստացի Թել Ավիվը բարձր հարաբերություններ է հաստատում և խորացնում Իրանի երկու կարևոր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների խորացումը պետք է դիտարկել նաև Իրանի դեմ հնարավոր զարգացումների շրջանակներում, սակայն պետք է նշել, որ միջազգային հարթակներում այսօր Իրանն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ կարգավորելով հարաբերությունները Արևմուտքի հետ: Իրանի շահերից չի բխում Իսրայել-Ադրբեջան բարձր մակարդայի տնտեսական և ռազմական հարաբերությունները, որի մասին իրանական կողմը պարբերաբար ակնարկել է: