Թաիլանդի իշխանությունները թույլ չեն տա սև հագուստի գնաճ՝ թագավորի մահվան կապակցությամբ սգի պատճառով (լուսանկարներ)
Թաիլանդի առևտրի նախարարությունը սպառնացել է պատժել այն արտադրողներին, որոնք կորոշեն բարձրացնել սև գույնի հագուստի գինը, որը մեծ պահանջարկ է վայելում բնակչության շրջանում թագավոր Փհումիպոն Ադուլյադեթի մահվան կապակցությամբ հայտարարված սգի պատճառով: Երկրի կառավարությունը, սակայն, նախազգուշացրել է, որ կարող է դեֆիցիտ առաջանալ, գրում է life.ru-ն:
«Սև վերնաշապիկների մատակարարումները կարող են ցածր լինել մի քանի օր, բայց հագուստի արտադրողները պնդում են, որ դրանց պակաս չի լինի»,- հայտարարել է առևտրի նախարար Նունտավան Սակունտանագան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թաիլանդում հոկտեմբերի 13-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը: Ադուլյադեթը Թաիլանդի գահը ժառանգել է 1946թ.: Հայտնի է, որ վերջին մի քանի տարին միապետը եղել է վատառողջ ու ժամանակի մեծ մասն անցկացրել է հիվանդանոցում:
Թաիլանդում 1-ամյա սուգ է հայտարարվել միապետի մահվան պատճառով: Երկրում հրամանագիր են ստորագրել, որով բնակիչները պարտավորվում են սև հագուստ կրել:















