ԱՄՆ-ում հաջողությամբ առանձնացրել են գլխի հատվածում իրար միացած երկվորյակներին. լուսանկարներ

19:49 • 16.10.16

ԱՄՆ-ում բարեհաջող վիրահատություն է իրականացվել, որի շնորհիվ բժիշկներն առանձնացրել է ի ծնե գլխի հատվածում իրար միացած 13 ամսական երկվորյակ եղբայրներին:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, 16 ժամ տևած վիրահատությանը 40 բժշկական փորձագետ է մասնակցել: Նրանք վիրահատական միջամտությունն սկսել են հինգշաբթի առավոտյան և ավարտել ուրբաթ գիշեր` 02:00-ին:

Մասնագետներին հաջողվել է առանձնացնել ԱՄՆ Իլինոյս նահանգում բնակվող Ջեյդոն և Անիաս ՄքԴոնալդներին:

Վիրահատության ժամանակ բժիշկները 5×7 քառ. սմ մակերեսով ուղեղային հյուսվածք են հայտնաբերել, որում գլուխների բաժանման հստակ սահմանը չի նկատվել:

Եղբայրների մոր խոսքով` Ջեյդոնն ավելի լավ է տարել վիրահատությունը, քան Անիասը, որի ճնշումն ու սրտի բաբախյունը նվազել է ուղեղային սահմանը հատելու պահին: Երեխան կարող է կաթվածով պայմանավորված որոշակի խնդիրներ ունենալ ապաքինման շրջանում:

Տղաները նաև գլխամաշկի վերականգնողական բուժում են ստացել ուրբաթ և մեկ շաբաթ պետք է վերահսկողության տակ լինեն: