Եթե Երևանը ցանկանար, որ հայը լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հարցը նախապես կհամաձայնեցներ  այլ անդամների հետ. Ալ. Կռիլով 

15:43 • 17.10.16

 

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը տպավորություն ունի, որ եթե Երևանը ցանկանար, որ հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացված  ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանի որևէ ներկայացուցիչ փոխարիներ Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա նախապես այլ անդամների հետ միասին կհամաձայնեցներ:

Այս մասին  «ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանը Երևանում. լուծված խնդիրնե՞ր, թե՞ նոր մարտահրավերներ» թեմայով քննարկմանը հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը, որը քննարկմանը միացավ տեսազանգի միջոցով:

«Իր ներկայացուցչին դնել՝ ի հեճուկս ՀԱՊԿ խորհրդի այլ անդամների, հազիվ թե որևէ մեկին հաջողվի։ Եվ սպասել, որ Ռուսաստանը կգնա այն ճանապարհով, որ թելադրի Ղազախստանին կամ Բելառուսին , նույնպես չի կարելի»,-իր առաջ քաշած թեզը հիմնավորեց Ալ. Կռիլովը:

Նրա ներկայացմամբ` ՀՀ կեցվածքը հետևյալն էր.  «Ահա թեկնածուն, հիացեք և ամուսնացեք», մինչդեռ պետք էր նախնական հանգամանալից աշխատանք: 

Սա Կռիլովի պատասխանն էր իր հայ գործընկեր Ստյոպա Սաֆարյանին, որը հայտարարեց, որ Երևանյան գագաթնաժողովը ցույց տվեց, որ ՀԱՊԿ անդամ երկրներից՝ բացառությամբ  Ռուսաստանի,  ոչ մեկը  չի կարող կյանքի կոչել իր հետաքրքրություններն  անվտանգության առումով։

«Ապրիլյան պատերազմը  ցույցը տվեց, որ չկա ո՛չ  հավաքական անվտանգություն, ո՛չ  անվտանգություն, ո՛չ հավաքականություն, առնվազն Հայաստանի համար»,-ասել էր Ստյոպա Սաֆարյանը:

Ալեքսանդր Կռիլովը հակադարձելով նաև նշեց, որ թեև ՀԱՊԿ  կանոնադրության մեջ կա  կետ, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը պետք է 3 տարին մեկ փոխվի, չկա կետ, որն արգելում է միևնույն մարդու, տվյալ դեպքում` Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարումը 3 տարվա ժամկետի ավարտից հետո:

Ալեքսանդր Կռիլովը, անդրադարձ կատարելով հետապրիլյան պատերազմի ժամանակահատվածին, արձանագրեց, որ հիմա նոր իրավիճակ է: Այն է` շփման գծում մոնտաժվում է և կտեղադրվի հակառակորդի գործողություններին հետևելու նորագույն   համակարգ, որը հնարավորություն կտա  հստակ  որոշել, թե ով է պատերազմական գործողությունների նախաձեռնողը:

«Եվ սրանից հետո Ադրբեջանն էլ հնարավորություն չի ունենա ասելու, որ ինքն ընդամենը պատասխան քայլեր է ձեռնարկել, եթե, իհարկե, ՀՀ-ն նախաձեռնող չլինի»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է բուն ապրիլյան պատերազմին` Ալեքսանդր Կռիլովն ասաց, որ ականատես եղանք հսկայական բացթողումների հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը պետք է սկսեր Հայաստանին զինտեխնիկայի մատակարարումը, ինչում կա նաև   ռուսական կողմի մեղավորությունը:

Նա հույս հայտնեց, որ ռուսական կողմը համապատասխան եզրահանգումներ կանի:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է իր դաշնակցի առաջ հարց բարձրացնի ՀԱՊԿ շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները պահպանելու մասին:

«Ապրիլյան պատերազմը դաս էր թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար»- ասաց քաղաքագետը: