Գյուղնախարարը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

16:34 • 17.10.16

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն  այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար` շեշտելով, որ  գյուղատնտեսությունը հայ-արգենտինյան տնտեսական փոխգործակցության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող ոլորտ է:

«Հայաստանի  և Արգենտինայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են երկկողմ գործակցության լավ ավանդույթներ, և առկա են հստակ  նախադրյալներ այդ համագործակցությունը խորացնելու համար: Մենք պատրաստ ենք բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել, որպեսզի արգենտինյան փորձը և տեխնոլոգիական առաջընթացը կիրառություն գտնեն երկրի գյուղատնտեսության տարբեր ճյուղերում՝ գյուղմթերքի արտադրողականության և որակի բարելավման նպատակով»,-նշել է նախարար Առաքելյանը:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Արգենտինայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակով` դեսպան Ուրրիոլաբեիտիան հավելել է, որ վերջին տարիներին երկու երկրների մասնագետները փոխայցեր են կատարել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիներն ուսումնասիրելու, փորձի փոխանակման, ծրագրերի իրականացման նպատակով, և այդ համատեքստում նոյեմբեր ամսին ակնկալվում է արգենտինացի մասնագետների հերթական այցը Հայաստան:

Դեսպանը նաև նշել է, որը վաղը Հայաստան են ժամանելու Գյուղատնտեսական փորձարկումների տարածաշրջանային կոնսորցիում (CREA) խմբի ներկայացուցիչները, որոնք կհանդիպեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ` մասնավորապես կաթնամթերքի արտադրության և լոլիկի  մշակության ոլորտներում մասնագիտական քննարկումներ ունենալու և իրենց աշխատանքային մեթոդաբանությունը ներկայացնելու նպատակով, որը Արգենտինայում կիրառվում է 1960 թվականից և հաջողություններ է գրանցել տարբեր երկրներում:  Բացի այդ, նախատեսվում է «Արմպրոդէքսպո» միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել սեմինար առավել լայն  մասնագիտական շրջանակների համար:

Ողջունելով նախաձեռնությունը` Իգնատի Առաքելյանը կարևորել է մասնավոր ոլորտին այդ աշխատանքներում ներգրավելու և իրազեկելու հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: