«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կմնա կալանքի տակ

22:05 • 17.10.16

 

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը  նրա նկատմամբ կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքը մերժել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ 

«Դատական նիստին մասնակցում էր նաև Պավլիկ Մանուկյանը, որովհետև մեր միջնորդությունը՝ նրա ներկայությունն ապահովելու վերաբերյալ բավարարվել էր։Նա դատարանում հանդես եկավ կոշտ ելույթով և ասաց,որ իրենք ոչինչ ինքնանպատակ չեն արել,և ամեն ինչ արել են երկրի վիճակից ելնելով»,- ասաց նա։

Հարություն Բաղդասարյանը հավելեց,որ Պավլիկ Մանուկյանը դատավորին ասել է, որ որևէ ակնկալիք չունի։ Հարցին,թե ինչպիսին է Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը, Հարություն Բաղդասարյանն ասաց, որ բժիշկներն ասում են,որ վիճակը լավ է, սակայն նա ամենօրյա խնամքի կարիք ունի։

Հիշեցնենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը երկու ամսով երկարացրել էր Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը։ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։