Դատարանը մերժեց Սևանի նախկին քաղաքապետի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքը
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Սևանի նախկին քաղաքապետ ու քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի բողոքը Սևանի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ Ղուկասյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը:
«Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Սևանի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը չեղարկելու դեմ բողոքը, այսինքն՝ այդ ընտրատարածքի ընտրական արդյունքներն անվավեր չեն ճանաչվի»,-ասաց փաստաբանը:
Հարցին, թե որն է դատարանի որոշման հիմնավորումը, Վրեժ Խաչիկյանն ասաց, որ որոշմանը դեռ չի ծանոթացել, սակայն գիտի, որ որոշման հիմքում լինելու է այն տեսակետը, որ չնայած արձանագրված լցոնումներին, այնուամենայնիվ, նշված խախտումները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Փաստաբանը նաև նշեց, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բողոքարկման ենթակա չէ, ինչը հակասահմանադրական է, և ցանկալի կլինի, որ վարչական դատավարության 213-րդ հոդվածը ճանաչվի հակասահմանադրական:
Հիշեցնենք,որ հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Սարգիս Մուրադյանը (6671 քվե): Վերջինիս մրցակիցներ Ռուդիկ Ղուկասյանը և Արա Սմբատյանը համապատասխանաբար ստացել են՝ 3669 և 1188 քվեներ:










