Վարչական դատարանը կքննի «ԳԱԼԱ»-ի, ԲՀԿ-ի ու «Հայկական վերածնունդի» հայցն ընդդեմ Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալու որոշման

13:32 • 18.10.16

Այսօր երեկոյան Վարչական դատարանը քննելու է հոկտեմբերի 2-ին Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցած երեք կուսակցությունների՝ ԳԱԼԱ-ի, ԲՀԿ-ի ու «Հայկական վերածնունդ»-ի հայցերն ընդդեմ «Բալասանյան» դաշինքի հաղթանակը ամրագրած ու տվյալ դաշինքին 17 մանդատ տված թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի որոշման: 

Ընդ որում՝ ԳԱԼԱ-ն պահանջում է անվավեր ճանաչել «թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝  հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումը և Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206-Ա որոշումը և անվավեր ճանաչել Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները»: 

Բացի դա՝ ԳԱԼԱ-ն ավագանուց նաև պահանջել է «ընտրված ճանաչել «Գաղափարակից Լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին՝ ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվառված կարգի»:

Ինչպես նաև՝ «ընտրված ճանաչել «Բալասանյան Դաշինք» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայկական Վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների՝ ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվարկված կարգի»:

«Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները վարչական դատարան են դիմել համատեղ հայցով՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 206-Ա որոշումը և ճանաչել համապատասխան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին, այն է՝ «Բալասանյան Դաշինք» կուսակցությունների դաշինք -15 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը -9 մանդատ, «Գաղափարակից Լիբերալների Ալյանս» (Գալա) կուսակցությանը -4 մանդատ, «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը -5 մանդատ»:

Նշենք, որ օրերս կայացավ Գյումրու ավագանու առաջին նիստը վերոնշյալ երեք կուսակցությունների ավագանու անդամների բոյկոտի պայմաններում: «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները Գյումրու քաղաքապետ հայտարարեցին Սամվել Բալասանյանին, որն էլ հայտարարեց, որ ավագանու նիստն իրավազոր է, քանի որ մասնակցում է կեսից ավելին՝  ավագանու 17 անդամ: