Հայկական կողմը ԼՂ հարցում պատրաստ է ցանկացած սցենարի. Կորյուն Նահապետյան
Հայկական կողմը ԼՂ հարցում պատրաստ է ցանկացած սցենարի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում:
Կորյուն Նահապետյանը նկատեց, թե ընդհանուր պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ քայլերը ձեռնարկելիս հաշվի են առնվում տարբեր սցենարներ, կանխատեսումներ, գնահատումներ:
«Չեմ կարող անտեսել Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի արձագանքները, բայց դրանք չէ, որ պետք է մեզ մղեն որոշակի գործողությունների, բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարվում»,-ասաց նա:
Կորյուն Նահապետյանն ընդգծեց, թե բնականաբար, դասեր քաղել են ապրիլյան պատերազմից բոլոր ուղղություններով:
«Եվ այստեղ ես չէի ցանկանա միայն ռազմական բաղադրիչը կարևորել, նաև դիվանագիտական. խորհրդարանական և մնացած բոլոր ուղղություններով նպատակային ծրագրերի իրականացումը: Պետական կառավարման համակարգում յուրաքանչյուր օղակ իրականացնում է իր պարտականությունները՝ իմանալով, թե ինչ պատասխանատվություն ունի մեր ժողովրդի առաջ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե իրենք երբեք չեն համաձայնի, որ Ղարաբաղը հռչակվի անկախ հանրապետություն, և հարցին, թե արդյո՞ք հենց այս հայտարարությունը պատերազմին պատրաստվելու մասին չի խոսում, Նահապետյանն արձագանքեց. «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի ու այսօր էլ շարունակում ենք հետևողական քայլեր ու գործողություններ իրականացնել մեր երկրի պաշտպանունակությունն ամրացնելու համար, անակնկալ չէ մեզ համար այդ տեսակի հայտարարությունը»:
Հարցին, թե կապ ունե՞ն այս հայտարարությունները ՀԱՊԿ նիստի ու ՀՀ-ում անցկացված զորահանդեսի հետ, պատգամավորը պատասխանեց. «Մենք մեր ռազմական կարողություններն ամրապնդում ենք, և իրականում վերջին շրջանի իրադարձությունները լուրջ անհանգստություն պետք է առաջացնեն նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Դուք լավ գիտեք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների վերջին նստաշրջանի խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց հայտարարություն՝ ԼՂ հիմնախնդրի հետ կապված, և նաև այս միջոցառման անցկացումը մեծ նշանակություն ուներ մեզ համար: Մենք հաջող ավարտեցինք մեր նախագահությունը ՀԱՊԿ-ում, ու մեր շահերի ամրապնդումն այս կառույցում ունի կարևոր նշանակություն մեզ համար, ու մենք քայլ առ քայլ աշխատում ենք այս ուղղությամբ»,-ասաց նա:










