Սիրիական զինված ընդդիմությունը հրաժարվել է դուրս բերել զորքը Հալեպից. Reuters

17:20 • 18.10.16

Սիրիական զինված ընդդիմությունը հայտարարել է հոկտեմբերի 20-ին Մոսկվայի կողմից մարդասիրական դադար և ամբողջական հրադադար հայտարարելուց հետո Հալեպից զորքերը դուրս բերելուց հրաժարվելու մասին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

 

«Ընդդիմության բոլոր խմբերն ամբողջովին մերժում են զորքերի դուրսբերումը»,- «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչ Զաքարիա Մուլահաֆջիի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

 

Բացի այդ, գործակալությունը հայտնում է, որ Հալեպում «Ահրար աշ-Շամ» սիրիական ընդդիմադիր խմբավորման ղեկավարներից մեկը հայտարարել է դիմադրությունը շարունակելու մտադրության մասին:

 

Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ռուսական և սիրիական ավիացիան հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-ից դադարեցնում են հարվածներ հասցնել Հալեպում՝ հոկտեմբերի 20-ի մարդասիրական դադարի կազմակերպման համար: Նրա խոսքով՝ դա թույլ կտա երաշխավորել վեց միջանցքով Հալեպի խաղաղ բնակիչների դուրս գալու անվտանգությունը, տարհանման պատրաստել հիվանդներին և վիրավորներին, ինչպես նաև երաշխավորել գրոհայինների անվտանգ դուրս գալը: