Թաիլանդը պահանջում է արգելափակել միապետությանը վիրավորող 120 կայք. լրատվամիջոցներ
Թաիլանդի հեռուստառադիոհեռարձակման հարցերով ազգային հանձնաժողովը դիմել է ինտերնետ-պորտալների և YouTube, Facebook, Line և Twitter սոցիալական ցանցերի թաիլանդական բաժիններին՝ պահանջելով արգելափակել 120 էջ, որոնք միապետության հասցեին վիրավորանքներ են պարունակում, հայտնում է Bangkok Post-ը:
Արգելափակման համար կայքերի և հասցեների ցանկն օրվա ընթացքում կփոխանցվի ինտերնետ-պորտալների և մեսենջերների օպերատորներին: Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի գլխավոր քարտուղար Տակխոն Տանտխասիտը:
Վերջին օրերին՝ Թաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադեթի մահից հետո, Եվրոպայում և ԱՄՆ-ում թաիլանդցիների մի շարք էմիգրանտական միավորումների կողմից համացանց և սոցիալական ցանցեր է տեղադրվել թաիլանդական միապետության համար վիրավորական բովանդակություն:
Թաիլանդում թագավորի և թագավորական ընտանիքի հասցեին վիրավորանքները պատժվում են յուրաքանչյուր դրվագի համար մինչև 15 տարվա ազատազրկմամբ:










