Կոտայքում վթարի զոհ դարձած երիտասարդ աղջկա եղբայրն ու ևս 2 ուղևոր տեղափոխվել են Երևան` լրացուցիչ հետազոտության 

12:29 • 18.10.16

13:12

 

Կոտայքի մարզում այսօրվա ավտովթարից մահացած  Հռիփսիմե Գասպարյանի եղբայրը` Հրանտը, որը  ևս վթարի ժամանակ եղել է մեքենայում և վնասվածքներ է ստացել, «Հրազդան» ԲԿ-ից դուրս գրվելուց  հետո տեղափոխվել է Երևանի թիվ մեկ համալսարանական կլինիկա` համակարգչային տոմոգրաֆիայի:

Այս մասին  Tert.am-ին հայտեց «Հրազդան» ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղակալը, որն ավելի վաղ հայտնել էր, որ բոլոր հիվանդները դուրս են գրվել:

«Ոչ միայն Հրանտին,  այլև մեքենայի վարորդին ու մի աղջկա  ևս հարազատները տարել են Երևան, քանի որ նրանց  գլուխների վրա քերծվածքներ կային: Բայց իրենց վիճակը նորմալ էր, թե չէ ինչո՞ւ էինք դուրս գրում»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը:

______________________________________ 

 

Կոտայքի մարզում այսօր՝ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում միմյանց  բախված Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաների վթարից տուժած քաղաքացիները, որոնք բոլորը  ուսանողներ են, դուրս են գրվել «Հրազդան» բժշկական կենտրոնից:

Այս մասին Tert.am -ին հայտնեց «Հրազդան» բժշկական կենտրոնի  գլխավոր բժշկի տեղակալ Սասուն Հովհաննիսյանը:

«Ութն էլ Վարսեր գյուղից են և բոլորը  գնացել են տուն: Հիմնականում` սալջարդեր են, մեկի մոտ  անրակի կոտրվածք էր, հրաժարվեց պառկելուց »,- հայտնեց  Սասուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել էր:
Սասուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ աղջիկը `1996 թ. ծնված Հռիփսիմե Գասպարյանը, հիվանդանոց է բերվել արդեն մահացած:

Իսկ Վարսերի գյուղապետ Զավեն Հարությունյանը Tert.am -ի հետ զրույցում մահացած աղջկա, նրա ընտանիքի մասին ասաց. «Կրթված ընտանիք են, մայրը` ուսուցչուհի է, հայրը մեկնել է արտագնա աշխատանքի, քույրը սովորում է բժշկականում, եղբայրը` ռոմանագերմանականում» : Նաև գյուղապետը նշեց, որ մահացած երիտասարդ աղջիկը ամուսնացած կամ նշանված չէր:

Նշենք նաև, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը  Կոտայքի մարզում տեղի ունեցած պատահարից մանրամասներ է ներկայացրել։

Վթարի հետևանքով 18-ամյա աղջիկ է մահացել։  Հոկտեմբերի 18-ին, ժամը 8.10-ի սահմաններում, 1966 թ. ծնված Գագիկ Ս.-ի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել 1982 թ. ծնված Շավարշ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով Շավարշ Գ.-ն, «Մերսեդես-Սպրինտեր»-ի ուղևորներ` 1995 թ. ծնված Շահանե Ս.-ն, 1998 թ. ծնված Սոնա Ա.-ն, 1998 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 1996 թ. ծնված Հրանտ Գ.-ն, 1996 թ. ծնված Մետաքսյա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ 1998 թ. ծնված Հռիփսիմե Գասպարյանը տեղում մահացել է: Ժամը 11.10-ին նշված վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն են դիմել նաև «Մերսեդես-Սպրինտեր» -ի ուղևորներ` 1997 թ. ծնված Օքսանա Մ.-ն և 1996 թ. ծնված Կարեն Մ.-ն: Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: