Վերջին տասը տարիների ընթացքում ես Հայաստանում տեսնում եմ բազում փոփոխություններ․ «Սինոփսիս» ընկերության ղեկավար

14:38 • 19.10.16

Ինձ դուր է գալիս հայկական մշակույթը. այն դեպի ընտանիք և դեպի կրթություն է կողմնորոշված. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի- Ֆուն Չանը՝ նախագահական նստավայրում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունից առաջ:


Ըստ նրա՝ ՏՏ ոլորտն ու արդյունաբերությունը շատ կարևոր են ֆիզիկայի ոլորտում ուժեղ լինելու համար: Նա նկատեց, որ, ըստ այդմ, Հայաստանում կան շատ լավ ճարտարագետներ:


«Վերջին տասը տարիների ընթացքում ես այստեղ տեսնում եմ բազում փոփոխություններ, և ոչ միայն ինտերնետի՝ այլ մնացած ոլորտներում. ոչ միայն ինտերնետի գնի, այլ նաև՝ դրա հուսալիության և հասանելիության և, մասնավորապես, մեր ճարտարագետների փորձառության առումով»,– ասաց նա:

«Կարծում եմ՝  10 տարի առաջ «Սինոփսիսի» ճարտարապետները չունեին այնքան շփում աշխարհի այլ երկրներում աշխատող մեր հաճախորդների հետ, բայց այսօր Հայաստանի ճարտարագետներն աշխատում են աշխարհով մեկ սփռված մեզ համար կարևոր հաճախորդների ամենակարևոր նախագծերի վրա: Եվ ՏՏ ոլորտի այս մրցանակը շատ կարևոր է ու պատրաստում է մեր հաջորդ սերնդի ՏՏ մասնագետների ճանապարհը»,- ավելացրեց Չի Ֆուն Չանը:


Նշենք, որ այսօր ՀՀ նախագահը կրթական պարգևներ հանձնեց այն ուսանողներին և աշակերտներին, որոնք ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդներ, ինչպես նաև՝ ներգրավված են հասարակական և համայնքային ծրագրերում:


Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել է 28 ուսանող և 15 աշակերտ՝ 5 բուհերից և 8 ավագ դպրոցներից:

 

Վերջին տասը տարիների ընթացքում ես Հայաստանում տեսնում եմ բազում փոփոխություններ․ «Սինոփսիս» ընկերության ղեկավար